Թաթոյանն անդրադարձել է Բերձորի և Աղավնոյի խնդիրներին

Աղավնոյում հավաքագրվել են փաստեր, որ ադրբեջանական զինծառայողները կենդանիներ (նաև խոշոր եղջերավոր) են մորթում ու ոչ պետքական օրգանները կամ սատկած կենդանիների օրգանները գցում այն ջրի մեջ, որից օգտվում են գյուղի բնակիչները: Այդ մասին հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հավելելով, որ այդ պատճառով ջրում հայտնվում էին առնետներ, ինչի հետևանքով էլ ջրից զանգվածային թունավորման դեպքեր էին արձանագրվել, այդ թվում՝ թունավորվել էին երեխաներ ու տարեցներ:

«Մարդկանց տներն ադրբեջանական ամբողջական դիտարկման ներքո էին: Երբ գյուղատնտեսական աշխատանքների համար մարդիկ փորձում էին մոտենալ իրենց հողատարածքներին (անգամ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա), ադրբեջանական զինված ուժերն կրակում էին: Մարդիկ հնարավորություն չունեին վաստակելու ընտանիքի եկամուտը:

Ադրբեջանական իշխանությունները վարել ու հիմա էլ վարում են խաղաղ բնակիչներին ահաբեկելու, հուսահատության մթնոլորտ առաջացնելու նպատակային քաղաքականություն: Ադրբեջանական հանցավոր արարքները թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի նկատմամբ բնույթով նույնն են՝ Արցախում ագրեսիվ դրսևորումներով:

Բա ցեղասպանությունն էլ ինչպե՞ս է լինում: Ու այսքան ժամանակ ի՞նչ է Հայաստանն արել այս փաստերն օգտագործելու, միջազգային մեխանիզմներ աշխատեցնելու համար», — հայտարարում է Թաթոյանը:

Նա կոչ է անում ՀՀ իշխանություններն «Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտումներ» եզրույթից բացի կատարեն հստակ հիմնավորումներ, կապեն դա ցեղասպան քաղաքականության ու ինքնորոշման իրավունքի հետ և զերծ մնան «ընդհանուր ձևակերպումներից»՝ դրանով իսկ խուսափելով Ադրբեջանի համար բաենպաստ պայմանների ստեղծումից և նրանց դիրքերի ամրապնդումից է։

«Բերձորի և Աղավնոյի հանձնումն Ադրբեջանին Հայաստանի իշխանությունների կործանարար քաղաքականության հերթական դրսևորումն է:

Այս քայլը լրջագույն վտանգի տակ է դնում Հայաստանը, մասնավորապես` Սյունիքը, հատկապես այն ֆոնին, որ ՀՀ իշխանությունները, վախենալով իրենց նկատմամբ քաղաքական դժգոհությունից և սեփական պաշտոնները կորցնելուց (սա իրենց մղձավանջն է, և պաշտոններն ավելին են, քան երկրի անվտանգությունը), թաքցնում կամ արդարացնում են ադրբեջանական հանցավոր արարքները:

Առանց այն էլ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր ներկայությունը ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին անհնարինության է վերածել մարդկանց կյանքը:

Այսպիսի մանդատ Հայաստանի իշխանությունները ՀՀ քաղաքացիներից չեն ստացել», — հավելել է Թաթոյանը:

Դիտումների քանակը: 3983
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին