ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԵԴԵՍԻԱՅԻ ԱԲԳԱՐ Ե ԹԱԳԱՎՈՐԻ ՀԵՏ

Abgar-tagavor

Աբգար Ե թագավորի մասին գրել են Պատմահայր Մովսես Խորենացին, ասորի պատմիչ Լաբուբնա Եդեսացին, Պրոկոպիոս և Եվսեբիոս հույն պատմիչները: Նա մ.թ. 1-ին դարի անդրանիկ քրիստոնյա թագավորն էր: Ըստ Խորենացու «Հայոց պատմության»՝ Աբգար Ե թագավորն եղել է Հայոց թագավոր: Հայ առաքելական եկեղեցին նրան համարում է իր սրբերից։ Որոշ պատմաբանների գրածով էլ նրան անվանել են «ավագ այր», որովհետև բոլորից իմաստուն և հանճարեղ էր: Աբգար Ե թագավորն է կառուցել Եդեսիա քաղաքը, որտեղ հայոց զորքը պահպանում էր Եփրատի անցուղին հռոմեացի Կասիոս զորավարի բանակից: Թագավորը հետագայում Մծբինից այնտեղ է տեղափոխում արքունիքը:
Դեռևս 1916թ թուրքական «Հյուրիյեթ» թերթը գրել էր, որ ներկայի Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում (պատմական Ուրֆա), լայնածավալ պեղումների ժամանակ, հայտնաբերվել է շուրջ 80 հնագույն դամբարան, որից մեկն էլ Եդեսիայի Աբգար Ե թագավորի ընտանեկան դամբարանն էր: Հնագետների խոսքով Աբգար թագավորի դամբարանը գտնվում է բլուրի ամենաբարձր հատվածում, որտեղ նրանք պեղումներ են կատարել: Իր մեծությամբ աչքի ընկնող այս դամբարանն ունի 10 մարդու համար նախատեսված սենյակներ, որոնցից մեկի հատակին հայտնաբերվել է հետաքրքիր խճանկար:

Յակով Լորբերի հայտնագործությունը (1800-1864)

Աբգար, Եդեսիայի թագավոր, բարերար եւ փրկիչ Հիսուսիդ, որ Երուսաղեմում հայտնվեցիր, Փառք: Լսել եմ Քո մասին, և այն բժշկությունների, որ կատարվում են Քո ձեռքով առանց դեղերի և արմատների, որովհետև, ինչպես ասում են, Դու կույրերին տեսցնում ես, կաղերին քայլեցնում, բորոտներին մաքրում, չար ոգիներ ու դևեր հանում, դու նաև մեռածներին ես կենդանացնում: Երբ այս ամենը Քո մասին լսեցի, մտքումս դրի այս երկուսից մեկը՝ կամ Դու Աստված կլինես, որ երկնքից է իջել, կամ Աստծո որդի: Այս պատճառով Քեզ գրեցի, աղաչելով, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ և բժշկես իմ ունեցած հիվանդությունը: Նաև լսեցի, թե հրեաները քեզանից դժգոհում են և ուզում են Քեզ չարչարել, բայց ես մի փոքր ու գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է: Ուստի արի ինձ մոտ, իմ բարձրապատիվ ընկեր Հիսուս եւ ապրիր իմ մայրաքաղաքում, որտեղ բոլորը Քեզ կպահեն իրենց ձեռքերի վրա եւ իրենց սրտերում:

Սպասում եմ Քեզ անհամբեր սրտով:

Ուղարկված է իմ հավատարիմ սուրհանդակ եւ ծառա Եղբոր միջոցով:

Երանելի ես դու, Աբգար, քանզի ունես հավատ, դեռ Ինձ չտեսած: Ինչպես ասված է իմ մասին գրված Վավերաթղթում. «Տեսնողները Ինձ չեն հավատալու, ուստի չտեսնողները Ինձ հավատ են ընծայելու եւ ժառանգելու են Հավերժական Կյանք»:

Ինչ վերաբերում է քո նամակին, որտեղ խնդրում ես Ինձ գալ քեզ մոտ, հուդաների հետապնդումների պատճառով, կասեմ քեզ հետեւյալը. պետք է այն ամենը, հանուն ինչի ես աշխարհ եմ եկել, ինձ հետ կատարվեն այս վայրերում: Ճշմարիտ եմ ասում քեզ. մոտենում է ժամանակը, երբ Ինձ հետ տեղի կունենա Վավերաթղթի համաձայն այն Ամենը, որից հետո ես կվերադառնամ այն Բանին, Ումից եկել եմ Հավերժությունից:

Համբերիր Քո թեթեւ ախտերին: Հենց որ Ես լինեմ երկնքում, Ես քեզ մոտ կուղարկեմ իմ աշակերտին, եւ նա կօգնի քեզ եւ ցույց կտա իսկական բժշկությունը քեզ եւ ձերոնց:

Գրված է Տիրոջ աշակերտ Հակոբի կողմից, Նազարեթի մոտերքում եւ հանձնված է Եդեսիայի թագավորի սուրհանդակ եւ ծառա Բրախին:

Շուտով, հենց որ Տիրոջ նամակն ստանում է Աբգարը, ծանր հիվանդանում է թագավորի ավագ որդին ու ժառանգորդը: Եդեսիայի բոլոր դարմանողները նրա ախտը հայտարարում են անբուժելի: Դա Աբգարին հասցնում է լրիվ հիասթափության, եւ նա իր վշտի մեջ գրում է երկրորդ նամակը Փրկչին:

Աբգար, Եդեսիայի դժբախտ իշխան-Բարերար, Փրկիչ Հիսուսին: Փառք ու պատիվ Տիրոջը...

Հիսուս, ամենաբարի՜ Փրկիչ...

Իմ ժառանգորդ ավագ որդին պառկած է մահամերձ: Նա ինձ հետ միասին շատ ուրախացել է մեր քաղաքը Քո հնարավոր այցելության առթիվ: Չար տենդը տապալել է նրան եւ ամեն րոպե սպառնում է տանելու: Ես իմ ծառաներից արդեն տեղեկացել եմ, որ նման հիվանդներին Դու բուժում ես նույնիսկ հեռավորության վրա, առանց որեւէ դեղամիջոցի, միայն Քո Կամքի ուժով: Հիսո՜ւս Փրկիչ, Դու, որ հիրավի, Ամենաբարձրյալ Աստծո Որդին ես, բուժիր իմ որդուն: Նա այնպես է սիրել Քեզ, որ պատրաստ է իր կյանքը զոհաբերել Քեզ: Արտաբերիր մի բառ, եւ Քո ամենազոր Կամքը կբուժի նրան:

Հիսո՜ւս, Փրկիչ... Պաղատում եմ Քեզ, փրկիր, փրկիր, փրկիր որդուս հիմա եւ այդ մի թող Քո Հարություն առնելուց հետո, որ ավետել ես Դու: Չէ՞ որ հիվանդ եմ եւ ես:

Գրված է իմ մայրաքաղաք Եդեսիայում, ուղարկված է իմ նույն հավատարիմ ծառայի միջոցով:

Ծանոթագրություն: Հովհաննեսի Մեծ Ավետարանի 6-րդ հատորում Տերը հիշում է Եդեսիայի թագավոր Աբգարին, որը որոնել է Նրան եւ Նրա պատճառով այցելել է Դամասկոս, բայց Տիրոջը չի հանդիպել տեղում:

Տեղեկությունները բացակայում են

Աբգար, ոչնչություն իշխան Եդեսիայի - Հիսուս Փրկչին, որ հայտնվել է Երուսաղեմի կողմերում, Հավերժ Փառք:

Քո ուղերձից ողորմածությամբ լի, որը Դու` հավիտյանս հավիտենից Տեր, որ բարեհաճեցիր ամենաբարիդ ուրախություն նվիրել Իմ Որդուն եւ Ինձ` փոշու մեջ ապրող չնչին ճիճուիս, գտնում եմ, որ Քո մեջ միայն բնակվում է ամենաբարձր Սերը: Եւ այլ կերպ էլ չի կարող լինել, քանի որ դու միակ Աստվածն ես բոլոր Երկինքների ու այս Երկրի:

Եւ իմանալով իմ որդու անսահման սերը, Դու ինձ նվիրել ես շատ մեծ ու անչափելի սփոփանք: Իսկ ես անուժ եմ ինչ-որ բանով վարձահատույց լինել Քեզ, միայն ես` փոշի-ոչնչությունս, երիցս ծնկի կգամ Քո առջեւ, խնդրելով Քեզ ընդունել երախտագիտությունն իմ եւ իմ որդու անունից: Այդ առթիվ ընդունիր մեր անկեղծ երախտագիտությունն, որպես մեր սիրո գրավական Քեզ եւ հիշիր մեզ, Տեր, ինձ համար անհասկանալի Քո մեղմաբարությամբ:

Նայելով իմ հիվանդ որդուն, որն օրեցօր Քեզ սիրում է առավել, ես եւս ակամայից սկսել եմ կարոտել ավելին, քան առաջ: Ներիր, որ այդ մասին գրում եմ Քեզ: Չէ՞ որ ես գիտեմ, որ մեր բոլոր մտքերը հայտնի են Քեզ մեզանից առաջ: Բայց, չնայած դրան, գրում եմ Քեզ ամեն ինչ, ինչպես` ընդհանրապես մարդը մարդուն:

Ես այսպես եմ վարվում այն պատանու խորհրդով, որին Դու պատվիրել ես ինձ: Նա արդեն ինձ մոտ է եւ նա հայտնել է ինձ, որ բոլորը, ովքեր խնդրանք ունեն, այդպես են դիմում Քեզ: Այդպես էլ մենք նրանից իմացել ենք, որ նա տեսել է Քեզ: Խոսում է նա կապակցված, իսկ գլխավորը` կարողանում է պատմել ու նկարագրել պատկերավոր: Եւ, հուրախություն իմ որդու, որը դեռ կենդանի է, թեկուզ շատ թույլ, այդ պատանին պատմել է մեզ Քո մասին. այնպես հանգամանորեն եւ պարզ է նկարագրել Քո կերպարը, որ մենք ասես տեսել ենք Քեզ, կենդանի կանգնած մեր աչքերի առջեւ:

Իմ մայրաքաղաքում ապրում է մի հայտնի գեղանկարիչ: Ես նրան հրավիրել եմ, եւ պատանու խոսքերի հիման վրա իսկույնեւեթ ստեղծել է Քո կիսանկարը: Պատկերը ցնցել է մեզ, բայց երբ պատանին հավաստիացրել է, որ Դու, Տեր, հենց այդպես էլ կաս, մեր ուրախությունը դարձել է անսահման:

Օգտվում եմ առիթից, որպեսզի այս նամակի հետ իմ սուրհանդակի միջոցով հասցնի Քեզ նաեւ Քո դիմանկարը: Խնդրում եմ Քեզ, հայտնիր բանբերին Քո կարծիքը, թե այն ինչքանով է Քեզ նման:

Հիսուս, մարդկային ցեղի Փրկիչ, մի զայրացիր ինձ վրա դրա համար... Որովհետեւ հետաքրքրասիրությունը չէ, որ ստիպել է մեզ այդպես վարվել, այլ միայն անսահման Սերը Քո հանդեպ եւ անչափ ցանկությունը` ունենալ գոնե ինչ-որ բան, որը կարող է մեզ հիշեցնել Քո կերպարի եւ Քո արտաքինի մասին:

Մեր սրտերը Քո հանդեպ լի են սիրով, որովհետեւ Դու այսուհետ մեր մեծագույն գանձարանն ես, մեր մեծագույն սփոփանքը եւ մեր սրտերի զարդը եւ´ կյանքում, եւ´ մահվանից հետո:

Հիշիր մեզ, Տեր, քո սրտում:

Թող Քո Սուրբ Կամքը լինի մեզ համար:

Սիրելի իմ որդի Աբգար... Ընդունիր իմ օրհնանքը, Իմ Սերը եւ Իմ Ողորմածությունը:

Այստեղ, Հրեաստանում ես հաճախ եմ ասում նրանց, ում Ես փրկել եմ ամեն տեսակ ախտերից. «Քեզ փրկել է քո Հավատը», բայց երբեք ոչ ոքից չեմ հարցրել Ես. «Արդյոք սիրո՞ւմ ես դու Ինձ»,- եւ ոչ ոք դեռ իր սրտի խորքից չի ասել Ինձ. «Տեր, Ես սիրում եմ Քեզ»:

Դու էլ առանց ինձ տեսնելու, հավատում ես, որ Ես եմ միակ Աստվածը, եւ հիմա սիրում ես Ինձ, ինչպես վաղուց վերածնված իմ Հոգու հրդեհից:

Աբգար, Աբգար... Եթե դու միայն իմանայիր, եթե դու կարողանայիր միայն հասկանալ, թե ինչքան ես դու Ինձ համար թանկ եւ ինչպիսի ուրախություն ես Իմ հայրական սրտի համար... Անսահման երջանկությունը կարող էր քեզ ոչնչացնել, քանզի չէիր կարող դիմանալ դրան:

Առաջիկայում եւս մնա ամուր, չնայած նրան, որ դու լսելու ես իմ մասին, չարությամբ Իմ դեմ լցված հուդաներից, որոնք շուտով Ինձ հանձնելու են դահիճների ձեռքը:

Եւ եթե դու լսես այդ մասին ու, համենայն դեպս, չկասկածես Ինձ վրա, այն ժամանակ, քո որդուց հետո, դու լինելու ես առաջինը, որը հոգեպես կենդանի մասնակցություն է ունենալու Իմ Հարությանը Իմ մահից հետո:

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում Ես քեզ, հավատողները, որ Իմ ուսմունքը բխում է Աստծուց,- հարություն կառնեն վերջին օրը եւ բոլորը կդատվեն արդար դատավորի կողմից եւ կստանան ըստ իրենց ծառայության: Բայց ինձ սիրողները, ինչպես դու, երբեք չեն ճաշակելու մահը, որովհետեւ մտքից էլ շուտ նրանք մարմնավոր կյանքից հափշտակվելու են հավերժական կյանք եւ մտնելու են Իմ` իրենց Հոր օթեւանը հավիտյանս հավիտենից:

Եվ այդ դու պահպանիր քո սրտում, մինչեւ Ես հարություն առնեմ, այն ժամանակ անհապաղ քեզ մոտ է գալու Իմ աշակերտը, ինչպես Ես Իմ առաջին նամակում ասել եմ քեզ, նա բուժելու է քեզ ու ձերոնց, բացի քո որդուց, ով Ինձանից առաջ առանց ցավի մտնելու է Իմ արքայության մեջ:

Իսկ ինչ վերաբերում է դիմանկարի նմանությանն Իմ արտաքինին, ապա այդ մասին քեզ հանգամանալից կպատմի քո սուրհանդակը, որ Ինձ տեսել է երեք անգամ: Եթե որեւէ մեկը ցանկանա ունենալ իմ պատկերը եւ կղեկավարվի նույն փաստարկներով, ինչպես դու, ուրեմն դրանում ոչ մի մեղք չկա,- բայց վայ նրանց, ովքեր Ինձ կդարձնեն կուռք:

Եվ այդ կերպարը առայժմ որպես գաղտնիք պահիր քեզ մոտ: (Գրված է Հրեաստանում, Իմ աշակերտի կողմից, ով մոտ է Իմ սրտին, եւ ուղարկված է նույն սուրհանդակի միջոցով):

Աբգար, ոչնչություն իշխան Եդեսիայի,- Հիսուս Փրկչին, որը հայտնվել է Երուսաղեմի կողմերում եւ այժմ հետապնդվում է անմիտ եւ կույր հրեաների կողմից, որոնք չեն տեսել առաջնային եւ Սուրբ Լույսին, Արեւների Արեւին, նրանց շարքում:

Իմ անգին Փրկիչ... Հիսուս... Այժմ իրականություն է դարձել երկրորդ նամակում քո ասածը. երկու օր սրանից առաջ իմ որդին մահացել է առանց ցավ զգալու: Մահվան մահիճում, արցունքներն աչքերին, նա խնդրել է ինձ կրկին Քեզ գրել եւ ասել, թե ինչքան երախտապարտ է Քեզ նրա համար, որ դու փրկել ես նրան տառապանքներից եւ մահվան երկյուղից: Մեռնելիս նա մշտապես իր կրծքի վրա է պահել Քո պատկերը, եւ նրա վերջին բառերը եղել են. «Իմ երկնային Հայր, Հիսուս, Դու - հավերժական Սեր ես... Դու, որ ճշմարիտ կյանքն ես հավիտյանս հավիտենից, այժմ դու ապրում ես նրանց մեջ որպես Մարդու Որդի, որոնց ստեղծել է Քո ամենազորությունը, նրանց տալով կյանք ու դիմագիծ, Դու իմ միակ Սերն ես հավիտյանս հավիտենից... Ես կենդանի եմ... Ես կենդանի եմ... Ես Քեզանով եմ ապրում, եւ Քո մեջ եմ հավիտյան»: Այս խոսքերից հետո իմ որդին փակել է աչքերը:

Գիտեմ, Տեր, որ հայտնի է Քեզ, թե ինչպես է իմ որդին ավարտել իր երկրային կյանքը, որ ես եւ իմ ամբողջ արքունիքը դառնորեն լացել ենք նրա համար, բայց այնուամենայնիվ գրում եմ Քեզ այդ մասին` ինչպես մարդը մարդուն, մանավանդ, որ այդպես է եղել իմ որդու վերջին կամքը:

Տեր, ներիր ինձ` Քո հանդեպ մեղսակցիս, որ ձանձրացնում եմ Քեզ չորրորդ ուղերձով, եւ խանգարում եմ Քեզ Քո սուրբ ու մեծ աշխատանքում, սակայն, բացի դրանից, կրկին դիմում եմ խնդրանքով. ինձ մի զրկիր Քո մխիթարանքից: Ուստի խնդրում եմ Քեզ, իմ անգին Փրկիչ, ազատիր ինձ այդ հոգեկան տանջանքներից ու բզկտումներից: Բայց թող Քո Կամքը լինի, այլ ոչ թե` իմ:

Իմ սիրելի որդի ու եղբայր Աբգար...

Քո որդու մասին գիտեմ եւ տեղյակ եմ, թե ինչպիսի գեղեցկությամբ է նա ավարտել երկրային կյանքը, բայց ավելի գեղեցիկ է նա սկսել իր նոր կյանքը Իմ Արքայության մեջ: Եւ դու ճիշտ ես վարվում, որ լացում ես նրա համար, որովհետեւ այս աշխարհում քիչ են բարեպաշտները, եւ նրանք, ովքեր քո որդու նման են, արժանի են, որ նրանց համար լացեն: Ճշմարիտ եմ ասում Ես քեզ` Ես իմ արցունքն եմ նվիրում քո որդուն: Ամբողջ աշխարհներն են երբեւէ առաջացել իմ այդ նույն արցունքից: Եւ ներկայում նման արցունքից վերածնվելու են Երկինքները: Ճշմարիտ եմ ասում Ես քեզ` անկեղծ արցունքները երկնքի արժանիքներն են, նրանք նման են անգին ադամանդի եւ զարդարում են երկինքը դարեդար: Իսկ չարության, ատելության, նախանձի եւ զայրույթի արցունքներն ամրապնդում են դժոխքի հիմքերը:

Այսպես, սփոփվիր այն գիտակցությամբ, որ սգում ես լավի եւ բարու համար: Պահպանիր այդ թախիծը եւս որոշ ժամանակ: Շուտով դու լացելու ես նաեւ Ինձ համար, բայց ոչ երկար, որովհետեւ գալու է Իմ աշակերտը եւ ամբողջությամբ բուժելու է քեզ:

Այսուհետ եղիր առատաձեռն ու ողորմած, եւ փոխարենը դու գտնելու ես ողորմածություն: Մի մոռացիր չունեւորներին, որովհետեւ նրանք էությամբ Իմ եղբայրներն են, եւ ինչ-որ դու անես նրանց համար, ուրեմն անում ես Ինձ համար, իսկ Ես փոխհատուցելու եմ քեզ հարյուրապատիկ:

Որոնիր Մեծությունը, այսինքն, Իմ Արքայությունը,- այդ ժամանակ Փոքրը այս աշխարհում գալու է դեպի քեզ: Իսկ երբ այս աշխարհում ձգտես դեպի Փոքրը, այդ դեպքում, տես, որ հանկարծ Մեծությունը չմերժի քեզ:

Ահա քո բանտում բանտարկված է հանցագործը, ով համաձայն քո իմաստուն օրենքների, ենթակա է մահապատժի: Իսկ Ես ասում եմ քեզ. «Սերը եւ ողորմածությունը բարձր են Իմաստությունից եւ Արդարադատությունից»: Վարվիր նրա հետ Սիրո եւ Ողորմածության օրենքով, եւ դու հավերժորեն միանալու ես Ինձ եւ Նրան, որից ծնունդ եմ առել Մարդու կերպարանքով: Ամեն: (Գրված է Իմ կողմից, Կապերնաումում եւ ուղարկված է նույն սուրհանդակով):

Աբգար, ոչնչություն իշխան Եդեսիայի-Հիսուս-Փրկչին, հայտնված Հուդայի երկրում, Երուսաղեմի կողմերում, որպես հավերժական Ուժի ճառագայթ, որը վերածնել է երկինքները, աշխարհները եւ կենդանի էակներին, չճանաչված «նորաթուխների» կողմից, բայց հիմա ճանաչված ամենուրեք նրանց կողմից, ովքեր մինչ հիմա խավարի մեջ էին գտնվում, փառք Քեզ կեսգիշերային մանուկներից...

Տեր իմ, որտե՞ղ է այն մահկանացուն, ով կարող է ընկալել Քո անսահման Սիրը մեր հանդեպ, մարդկանց, որորնք Քո արարման արդյունքներն են միայն: Եւ Դու ցանկանում ես Սիրո միջոցով ամեն ինչ նորոգել ու փոփոխել: Եւ դրա համար Դու ինքդ ես ընտրել Քո ճանապարհը, որը մարդկային իմ հասկացողությամբ Աստծո համար անընդունելի եւ աներեւակայելի է: Եւ թեկուզ Դու այժմ գտնվում ես Երկրի վրա, որին Դու կարող ես ոչնչացնել մի շնչով, թեկուզ Դու ապրում ես մարդկանց մեջ որպես սովորական մարդ: Դու չես դադարում ղեկավարել տիեզերքը եւ պահպանել նրան Հոգեւոր-Աստվածային քո էությամբ: Ե´վ յուրաքանչյուր փոշեհատիկ երկրի վրա, եւ´ յուրաքանչյուր կաթիլ ծովի մեջ, եւ´ արեւը, եւ´ լուսինը, եւ´ անհաշիվ աստղերը,- բոլորն ուշադիր հետեւում են Քո սրտի Ամենազոր Ձայնին, որը հանդիսանում է հենց Տիեզերքի բոլոր առարկաների եւ բոլոր արարածների էությունը: Եւ այն օրը, երբ Քո աշակերտները հոգով հասկացել են, Տեր, թե Դու ով ես- եղել է ամենաերջանիկ եւ արեւոտ օրը նրանց կյանքում, նույնը նաեւ ես եմ զգում իմ գիշերից:

Եթե չլիներ իմ ոտքերի ցավը, ես վաղուց կլինեի Քեզ մոտ, բայց ես կաղում եմ եւ չեմ կարող քայլել, եւ ահա, իմ անպիտանի ոտքերը զրկում են ինձ մեծագույն երջանկության հասնելու հնարավորությունից: Թեպետ այժմ ամեն ինչ ես ուրախությամբ եմ տանում, քանզի Դու, Տեր, բարեհաճ ես գտնվել իմ հանդեպ` չնչին ավազահատիկիս, եւ արժանի ես համարել գրավոր խոսել Քեզ հետ: Եւ Դու սովորեցրել ես ինձ այնքան մեծ բաներ եւ իմ առջեւ բացել ես այնքան հրաշքներ եւ հոգեւոր առեղծվածներ, որ նման գիտությունը մեզ կարող է տրվել միայն Քո կողմից, Տեր, բայց ոչ թե մարդուց:

Ի՞նչ գիտեի ես նախկինում կյանքի մասին մարմնի մահվանից հետո: Աշխարհի բոլոր իմաստունները չեն կարողացել բացատրել ինձ այդ մասին: Թեկուզ մեր կրոնական ավանդությունների համաձայն, մեր աստվածներն անմահ են, բայց այդ ավանդություններն այնքան են հեռու կյանքից, ինչպես եւ երազները, որտեղ` մերթ քայլում ես ծովի վրայով, մերթ նավով լողում ես ցամաքում:

Դու ես, Տեր, ապացուցել ինձ խոսքով ու գործով, որ միայն մահից հետո է սկսվում մարմնի ճշմարիտ, հոգեւոր, կատարյալ եւ ազատ Հավերժական Կյանքը: Եւ այսուհետ Քո պարգեւած անսահման ողորմածության հանդեպ, իմ կյանքի նպատակը լինելու է հավերժական երախտագիտությունը Քեզ, Տեր եւ դրա համար էլ գրում եմ Քեզ այդ մասին, թեկուզ եւ գիտակցում եմ, որ իմ ամբողջ երախտագիտությունը ոչինչ է Քո Ողորմածության հանդեպ: Տե´ր, ի՞նչ կարող եմ տալ Քեզ, երբ այն ամենը, ինչ ես ունեմ, Քոնն է եւ Քեզանից է: Եւ ես կարծում եմ, որ Քո հանդեպ եղած ճշմարիտ երախտագիտությունը, բխած սրտի խորքից, ամենաարժանին է մարդկության համար, քանի որ երախտապարտությունը ավելի շատ հատուկ է նրան: Ահա թե ինչու երախտագիտությունից բացի ես ոչինչ չեմ կարող մատուցել Քեզ որպես նվեր: Կասեմ Քեզ նաեւ, որ ես որոշել եմ այսուհետ իմ երկրում ամեն ինչ կարգավորել համաձայն Քո կամքի եւ Քո ցուցումների: Ես կատարեցի Քո ցանկությունը եւ ոչ միայն ազատություն եմ նվիրել այն պետական հանցագործին, այլեւ ընդունել եմ նրան իմ դպրոցում եւ իրավունք եմ տվել մոտենալ իմ սեղանին: Գուցե այդպես վարվելով, ինչպես ընդունված է ասել, մի քիչ սահմանն անցել եմ, բայց իմ մարդկային մտածողությունը չի կարող քննարկել այդ արարքը, այդ իսկ պատճառով գրում եմ Քեզ այդ մասին, քանզի Ինքդ ցույց կտաս ճշմարիտ ուղին եւ կուղղորդես ինձ:

Քեզ, Տեր, Հիսուսիդ հայտնում եմ իմ Սերն ու որդիական խոնարհությունը: Թող Քո Կամքը լինի:

Լսիր, սիրելի որդի եւ եղբայր իմ Աբգար.

Այժմ ես ունեմ 72 աշակերտ եւ նրանց մեջ 12 առաքյալ, բայց նրանք բոլորը միասին վերցրած չունեն քո Հավատը, թեկուզ դու հեթանոս ես եւ Ինձ երբեք չես տեսել, չես տեսել նաեւ անթիվ հրաշքները, որոնք չեն դադարում Իմ Ծննդյան օրվանից: Եւ թող քո սիրտը լցվի մեծ հույսով, քանզի կպատահի եւ մասամբ պատահել է, որ ես մանուկներից կվերցնեմ Լույսը եւ կփոխանցեմ ձեզ` հեթանոսներիդ, քանզի Ես միայն վերջերս եմ այստեղ ապրող հռոմեացիների եւ հելլենների մեջ գտել հավատ, որը չես գտնի ամբողջ Իսրայելում:

Սերն ու հնազանդությունը վերացել են հուդաների սրտերից, իսկ ձեր` հեթանոսներիդ մեջ, ես գտել եմ այդ զգացմունքների ամբողջությունը: Դրա արդյունքում ես Լույսը կվերցնեմ մանուկներից ու կտամ ձեզ, կտամ ամբողջ իմ Թագավորությունը` այժմ եւ հավիտյանս: Իսկ մանուկները կարող են սնվել այս աշխարհի մնացորդներով:

Դու ցանկանո՞ւմ ես, որ Իմ Կամքը Օրենք դառնա քո երկրում: Առայժմ դա դժվար է, քանզի ամեն ինչից պահանջվում է հայտնի հասունություն: Իմ Օրենքը դա Սերն է: Եթե ուզում ես քո երկրում Ինձանից ինչ-որ բան ներդնես, ուրեմն, ներմուծիր այդ Օրենքը, եւ դու կտեսնես, թե ինչպես է ամեն ինչ հեշտությամբ կատարվելու Իմ Կամքով: Ուրեմն իմացիր. Իմ Կամքն ու Իմ Օրենքը այնպես սերտ են կապված միմյանց հետ, որ, ըստ էության, նրանք կազմում են մի ամբողջություն, ինչպես մեկ ամբողջական էություն է Ես ու Հայրս:

Իհարկե, շատ բաներ են զուգակցված Իմ Կամքին, բայց դու դեռեւս չես կարող դրանք հասկանալ: Երբ կգա Իմ աշակերտը, նա կտեղեկացնի քեզ այդ ամենի մասին: Եւ հենց որ նա քեզ մկրտի Իմ Անունից, Աստվածային Հոգին կիջնի քեզ վրա եւ այդուհետ կղեկավարի քեզ:

Հանցագործի հետ դու ճիշտ ես վարվել եւ ըմբռնիր, որ Ես այժմ նույնպես եմ վարվում ձեզ` հեթանոսներիդ նկատմամբ: Եւ թող քո այդ արարքը հանդիսանա հայելին այն բանի, ինչ Ես հիմա եմ անում եւ ոչ հեռու ապագայում կկատարեմ ամբողջությամբ: Վերջինը` քո խաղաղության եւ ողորմածության համար: Ամե´ն»:

Եդեսիայի ոչնչություն իշխան Աբգար-Հիսուս Փրկչին, որ Երուսաղեմում հայտնվեցիր, հանուն մաքուր սրտի տեր ժողովուրդների փրկության, որոնք կամավոր ցանկանում են ապրել Նրա Խոսքի համաձայն:

Տեր, ներիր, որ կրկին համարձակվում եմ անհանգստացնել Քեզ, բայց Դու գիտես, որ մարդիկ, երբ իրենց հետ տեղի է ունենում դժբախտություն կամ բնության մեջ իրենց համար անհասկանալի ինչ-որ բան, մշտապես դիմում են հայտնի բժիշկների օգնությանը, որոնք, որպես կանոն, հմտացած են բնության գաղտնիքներով:

Ինչքանո՞վ ես Դու ինձ համար բարձր աշխարհի բոլոր բժիշկներից: Իմ աչքին ոչ միայն Դու ամենալավ դարմանողն ես, այլեւ Արարիչը եւ Տիեզերքի Տերը դարերից դար: Դրա շնորհիվ միայն Քեզ կարող եմ հայտնել պետական չարագուշակ աղետների մասին, որ փլվել են մեզ վրա, աղաչելով Քեզ իմ սրտի ամենախորքերից` հեռացնել մեզանից այդ սարսափելի աղետները:

Քեզ պետք է հայտնի լինի` տասն օր սրանից առաջ մեզ մոտ տեղի է ունեցել ոչ ուժեղ երկրաշարժ, որը Քո շնորհիվ համարյա ոչինչ չի փլուզել: Բայց երկրաշարժից հետո երկրորդ օրը ամբողջ երկրում պղտորվել է ջուրը, եւ բոլորը, ովքեր խմել են այդ ջրից, սկզբում տառապել են դաժան գլխացավերով, իսկ հետո կորցրել են դատողականությունը, սկսել են նմանվել մոլագարների: Իմ հրամանով ես անմիջապես արգելել եմ օգտվել տեղական ջրից ամբողջ երկրում մինչեւ նոր կարգադրությունը, միաժամանակ հրամայել եմ իմ հպատակներին` հավաքվել Եդեսիայում, որտեղ ինձանից ստանում են գինի եւ ջուր, որ ինձ համար հեռվից բերում են նավերով: Կարծում եմ, որ այդ կարգադրություններով ես վնաս չեմ պատճառել, քանզի այդ արարքին ինձ դրդել են ճշմարիտ Բարեգթությունն ու Սերը իմ ժողովրդի հանդեպ: Իմ սրտի ողջ հնազանդությամբ խնդրում եմ Քեզ, Տեր, օգնիր ինձ եւ իմ ժողովրդին: Ազատիր մեզ այդ աղետից:

Քանի որ դեռեւս պղտոր է ջուրը, եւ դեռեւս այն պղտորում է մտքերը, Տեր, ես գիտեմ, որ բոլոր բարի եւ չար ուժերը ենթարկվում են Քեզ եւ մեղանչում են Քեզ: Ողորմիր մեզ եւ հանուն իմ ժողովրդի, փրկիր մեզ այդ աղետից:

Թող լինի Քո Սուրբ Աստվածային Կամքը:

Երբ Տերը կարդացել է այս ուղերձը, զայրացել է նա ոգով եւ բացականչել: Ի դեպ, նրա ձայնը հնչել է որպես ճայթող որոտ. «Սատանա´, Սատանա՜, մինչեւ ե՞րբ ես դու գայթակղելու Տիրոջը եւ քո Աստծուն: Ի՞նչ է արել քեզ այդ փոքրիկ ու աշխատասեր ժողովուրդը: Ինչի՞ համար ես դու նրանց տանջում: Բայց եթե դու կրկին իմ մեջ ճանաչես Տիրոջը եւ քո Աստծուն, Ես կարգադրում եմ քեզ` հեռացի´ր այս երկրից դարեդար. ամեն: Նախկինում դու բավարարվում էիր միայն բզկտելով մարդկանց մարմինները, որպեսզի գայթակղես նրանց, ինչպես ես թույլ տվեցի վարվել Հոբի հետ, բայց ի՞նչ ես անում դու հիմա Իմ երկրում: Եթե համարձակություն ունես, հարձակվիր Ինձ վրա, բայց իմ երկիրն ու մարդկանց, որ կրում են Ինձ իրենց սրտերում, թող մինչեւ այն ժամանակը, որը քեզ տրվելու է քո ազատ կամքի վերջին փորձությունը կատարելու»:

Եւ միայն այս խոսքերից հետո է Տերը կարգադրել իր աշակերտներից մեկին` գրել հետեւյալ պատասխանը` ուղղված Աբգարին:

Սիրեցյալ Իմ որդի եւ եղբայր Աբգար.

Այդ բանը քո հանդեպ արել է ոչ թե քո, այլ Իմ թշնամին: Դու չգիտես նրան, բայց Ես նրան վաղուց գիտեմ: Բայց քիչ է մնում նրան իշխելու: Շուտով այդ աշխարհի իշխանը պարտվելու է: Դու մի վախեցիր նրանից, քանզի հանուն քեզ ու քո ժողովրդի, Ես արդեն նրան հաղթել եմ: Եւ այսուհետ դու կարող ես կրկին օգտվել քո երկրի ջրից: Այն արդեն մաքրված եւ վնասազերծված է:

Տեսնո՞ւմ ես, այն դեպքում, երբ սիրել ես դու Ինձ, քեզ հետ տեղի է ունեցել չարություն: Բայց այդ դժբախտության ազդեցությամբ ուժեղացել եւ ամրապնդվել է քո Սերը Իմ հանդեպ, որի հետեւանքով այն ավելի իշխող է դարձել խավարի իշխանության դեմ, եւ այսուհետ դու հավիտենապես ազատ ես դժոխքի ծնունդից: Ահա թե ինչու է հավատը ենթարկվում մեծ գայթակղության եւ փորձության, եւ նրան մնում է անցնել կրակի եւ ջրի միջով: Բայց Սիրո կրակը հանգցնում է փորձության կրակը, եւ ջուրը գոլորշիանում է Սիրո ուժի ազդեցությամբ:

Ինչ տեղի է ունեցել հիմա քո երկրի հետ բնության ազդեցությամբ, հոգեւոր բնագավառում տեղի է ունենալու շատերի հետ Իմ ուսմունքի պատճառով: Եւ կցնորվեն նրանք, ովքեր կխմեն սուտ մարգարեների ջրափոսից:

Ընդունիր Իմ սերը, Իմ օրհնությունը եւ Իմ բարեբախտությունը, Իմ եղբայր Աբգար:

Աբգար, Եդեսիայի ոչնչություն իշխան - Հիսուս Փրկչին, որ հայտնվեցիր Երուսաղեմի կողմերում, որպես բոլոր ժողովուրդների փրկություն, Տեր-օծյալ դարերից դար, Աստված բոլոր արարածների եւ բոլոր մարդկանց եւ ոգիների` ինչպես բարիների, այնպես էլ չարերի: Տեր եւ Աստված իմ, ամբողջությամբ իմ սրտում ապրող եւ ամբողջությամբ իմ մտքերը լրացնող:

Տեր, Քո առաջին նամակից, որը Քո գթասրտությամբ իրավունք ես տվել կարդալու, ես գիտեմ, որ Քո սեփական Կամքի համաձայն, ամեն ինչ պետք է իրականանա Քեզ հետ այնպես, ինչպես հիմա չարամտում են այդ նենգ հուդայականները: Եւ թեկուզ ինձ հայտնի չէ, թե ինչպես է այդ ամենը տեղի ունենալու, բայց ըստ մարդկային տեսակետի, իմ սիրտը` լցված Քո հանդեպ Սիրով, ցավում է Քեզ համար եւ զայրանում է այդպիսի չլսված անարդարություններից:

Իմ անկեղծ զգացումունքերի մասին Դու ոչ միայն չես կարող չիմանալ, այլեւ, հասկանում ես ինձանից` հասարակ մահկանացուից, ավելին: Բայց եւ ես, Տեր, որ լրիվ հիմքերն ունեմ գրելու Քեզ, կբացահայտվի ներքոնշյալ իմ նամակում: Ես` որպես հռոմեական վասալ եւ իմպերատոր Տիբերիուսի մոտիկ ազգական, Երուսաղեմում ունեմ ինձ նվիրյալ լրտեսներ, որոնք առանձնապես սուր կերպով հետեւում են տեղաբնակ ինքնահավան հոգեւորականներին: Եւ այսպես, իմ հավատարիմ ծառաները ինձ մանրամասն հասցրել են այդ կամակոր ու ամբարտավան գրամոլների եւ փարիսեցիների մտադրությունները եւ այն մասին, թե ինչ են նրանք մտադրվել կատարել Քեզ հետ: Նրանք ոչ միայն ցանկանում են ոչնչացնել Քեզ եւ սպանել ըստ իրենց ձեւով, այսինքն` սպանել քարկոծելով կամ վառելով, ոչ, դա նրանք համարում են անբավարար Քեզ համար: Նրանք մտադիր են Քեզ ենթարկել ամենաանմարդկային պատժի, ցուցաբերելով աներեւակայելի ու անլսելի դաժանություն:

Տեր, միայն լսիր ինձ. այդ գազանները` մարդկային կերպարանքով, հավաքվում են Քեզ մեխելու Խաչի վրա եւ թողնելու Քեզ նրա վրա, մինչեւ որ դու մեռնես այդ խայտառակ ցցի վրա դանդաղ մահով եւ սարսափելի տանջանքների մեջ:

Եւ այդ մարդկանց գազանային մտադրությունը նրանք պատրաստվում են իրականացնել մոտեցող Զատիկի տոնի նախօրեին:

Տեր, ինչ էլ որ լինի, նման արարքը զայրացրել է ինձ մինչեւ հոգուս խորքը: Եւ ես գիտեմ, որ այդ գազանները ցանկանում են սպանել Քեզ ոչ թե նրա համար, որ Դու Քեզ անվանում ես Մեսիա: Դա նրանց ընդհանրապես չի անհանգստացնում: Ինձ ստույգ հայտնի է, որ այդ դժոխքի ծնունդները ընդհանրապես չեն հավատում Աստծուն, առավել եւս, Քեզ: Եւ ինչքան հաճախ են նրանք բացարձակ անարգում Աստծուն, զրուցելով միմյանց հետ: Բայց նրանք ուրիշ մտադրություն ունեն. տեսնում ես, այդ գազանները գիտեն, որ Հռոմը որպես սրատես Արգուս, հետեւում է նրանց խաբեյություններին: Ինչպես դա հայտնի է Քեզ, ոչ հեռու, քան անցյալ տարի Զատիկի ժամանակ բացահայտվել էր հերթական ժողովրդական դավադրությունը Հռոմի դեմ, նախապատրաստված հոգեւորականության կողմից: Բայց ինչքան էլ նրանք խորամանկ ու ընդհատակյա են աշխատել, միեւնույն է` խորաթափանց Պիղատոսը նրանց մաքուր ջրի երես է հանել, եւ երբ ժողովուրդը հավաքվել է տաճարի բակում, Պիղատոսը հրամայել է բռնել եւ գլխատել մոտ հինգ հարյուր մարդու: Բռնվել են ավելի շատ չունեւորներ, քան հարուստներ, եւ մեծամասամբ եղել են գալիալիացիներ, հետեւապես` Իրոդի հետեւորդներ: Դա էլ հենց սկզբնավորել է Պիղատոսի եւ Իրոդի թշնամանքը: Դա հանդիսացել է առաջին հարվածը հոգեւորականությանը, եւ շուտով հետեւել է երկրորդը, բայց արդեն Հռոմից` դաժան հրովարտակի ձեւով, տաճարի հոգեւորականության դեմ:

Այժմ նրանք ցանկանում են արդար երեւալ Հռոմի աչքում, եւ ինչ էլ որ տեղի ունենա, իրենց հարկավոր է եթե ոչ լրիվ ոչնչացնել այդ հրովարտակը, ապա ծայրահեղ դեպքում մեղմացնել այն իրենց օգտին, եւ նրանց վիճակահանությունը ընկել է Քեզ վրա: Նրանք ցանկանում են Քեզ ներկայացնել որպես պետական դավաճան եւ պետության դեմ անցյալ տարվա ժողովրդական ապստամբության հրահրիչ: Դրանով նրանք հույս ունեն հռոմեացիների կողմից արժանանալ ներողամտության, որպեսզի հետագայում շարունակեն իրենց նողկալի գործը: Իհարկե, դա նրանց չի հաջողվի, եւ Դու ինձանից լավ գիտես, որ նրանց չի հաջողվի խաբել հռոմեացիներին:

Տեր, եթե Դու միայն բարեհաճես իմ` Քո ամենանվիրյալ ընկերոջ եւ երկրպագուի ծառայությունը, ես անհապաղ իմ սուրհանդակներին կուղարկեմ Հռոմ եւ Պոնտացի Պիղատոսին, եւ ես երաշխավորում եմ, որ այդ գազաններն իրենք են ընկնելու այն փոսի մեջ, որ փորում են Քեզ համար: Բայց, ճանաչելով Քեզ, Տեր, ինչպես ես Քեզ գիտեմ` Դու կարիք չես զգում որեւէ մեկի խորհրդին, առավել եւս, անցողիկ մարդկանց խորհուրդներին, ես վստահ եմ, որ Դու գործելու ես այնպես, ինչպես Դու ես համարում անհրաժեշտ, բայց ես, որպես մարդ, իմ պարտքն եմ համարել մանրամասն հաղորդել Քեզ այն ամենը, ինչ-որ իմացել եմ` նախազգուշացնելով Քեզ: Միաժամանակ խնդրում եմ Քեզ ընդունել իմ ամենաանկեղծ երախտագիտությունը այն մեծ ողորմածության համար, որ ցույց ես տվել Դու ինձ եւ իմ ժողովրդին: Տեր իմ, միայն ասա ի՞նչ կարող եմ ես անել Քեզ համար:

Եւ թող միշտ լինի Քո Սուրբ Կամքը:

Լսիր, Իմ սիրելի որդի եւ եղբայր Աբգար: Ամեն ինչ իրապես այնպես է, ինչպես դու ես գրել Ինձ, բայց եւ այնպես, ամեն ինչ պետք է տեղի ունենա Ինձ հետ, համաձայն Իմ խոսքի: Քանզի այլ կերպ ոչ մի մարդ չի հասնի Հավերժական Կյանքի: Այժմ դու դեռեւս այդ հասկանալու կարողությունը չունես, բայց խնդրում եմ Քեզ, դու մի նախաձեռնիր որեւէ միջոց` Ինձ արդարացնելու համար, քանզի քո ձգտումները կլինեն ապարդյուն: Այդպիսին է Հոր Կամքը, որ ապրում է Իմ մեջ, Որից ես ծնունդ եմ առել մարդու կերպարանքով: Եւ թող քեզ չվախեցնի Խաչը, որին մեխելու են Ինձ: Քանզի այսուհետ այդ Խաչը լինելու է Աստծո թագավորության անկյունաքարը, ինչպես նաեւ նրա դարպասը մինչեւ դարերի ավարտը: Ես դագաղում մնալու եմ միայն երեք օր: Երրորդ օրը ես Հարություն եմ առնելու` որպես մահին եւ դժոխքին հավերժական հաղթող եւ արդար դատով դատելու եմ բոլոր անազնիվներին, բայց Իմ սրտում ապրող արդար էակների համար Ես բացելու եմ Երկնքի Դռները: Երբ մի քանի օր անց դու տեսնես, որ մարել է արեւը, այն ժամանակ իմացիր, որ քո լավագույն ընկերը եւ եղբայրը մահացել է Խաչի վրա: Բայց եւ դա թող չսարսափեցնի քեզ, քանզի բոլորը ենթակա է կատարման: Եւ երբ ես հարություն առնեմ մեռելներից, այն ժամանակ, հենց այդ նույն ժամանակ, դու կտեսնես նշանի բխումը Ինաձնից, որով կճանաչես Իմ Հարությունը: Ընդունիր, սիրելի եղբայր Աբգար, Իմ Սերը, Իմ Բարեբախտությունը, եւ թող քեզ հետ լինի Իմ Օրհնանքը:

Գերմաներենից ռուսերեն թարգմանությունը ավարտվել է Լյուդմիլա Պավլովնա ֆոն Օֆֆենբերգի կողմից, ծնված 1940թ. դեկտեմբերի 20-ին, Ժնեւում:

Թարգմանության սրբագրությունը եւ շարվածքը ավարտված է Ն.Մ. Կուշնիրի կողմից, 1992թ. ապրիլի 9-ին, Բեռլինում:

Ռուսերենից հայերեն թարգմանությունը կատարել է բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս.Ա. Խանյանը` 2014թ. հուլիսօգոստոս ամիսներին:

Նամակում տեղ գտած հոգեւոր արտահայտությունների ճշտումը եւ խմբագրումը` Աշոտ Սարգսյանի եւ Գայանե Մելքումյանի։

Նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:

Դիտումների քանակը: 9527
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan